Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«37-ում Ռոջերն ինձ ոգեշնչում է իր նվաճումներով»

«37-ում Ռոջերն ինձ ոգեշնչում է իր նվաճումներով»
16.07.2019 | 02:26

ՈՒիմբլդոնի այս վերջին մրցաշարն ավարտվեց Նովակ Ջոկովիչի հաղթանակով, որը հինգ ժամ տևած եզրափակչում կարողացավ ծնկի բերել Ռոջեր Ֆեդերերին: Հաղթանակից հետո սերբը պատմել է, թե հանուն ինչի է շարունակում իր մարզական կարիերան՝ արժանին մատուցելով իսպանացի Ռաֆայել Նադալին ու շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:


«Թվում է ես ավելի ու ավելի եմ մոտենում Ռաֆային ու Ռոջերին, սակայն նրանք շարունակում են հաղթել մրցաշարերում: Մենք կարծես թե փոխլրացնում ենք իրար՝ մեկս մյուսին պարտադրում ենք աճել ու զարգանալ ու դեռևս շարունակել մնալ այս խաղում: Այդ երկու տղաները գլխավոր պատճառներից մեկն են, թե ինչու եմ ես մինչև այժմ խաղում այս մակարդակում: Փաստն այն, որ նրանք ստեղծեցին թենիսի պատմությունը, նույնպես մոտիվացնում է ինձ, ոգեշնչում է ինձ ձգտել կրկնել այն, ինչին նրանք հասել են, կամ հասնել ավելիին:


Կհաջողվի՞ ինձ անել դա, չգիտեմ: ՈՒ բանը տարիքը չէ: Իր 37-ում Ռոջերն ինձ ոգեշնչում է իր նվաճումներով: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան երկար ես կխաղամ ու կունենա՞մ շանս: Դա միայն ինձնից կախված չէ, այլև կյանքի հանգամանքներից:
Ես պարզապես թենիսիստ չեմ, ես հայր եմ ու ամուսին: Հարկավոր է սա հաշվի առնել: Ես թենիս խաղալու ոչ մի պարտավորություն չունեմ: Ես խաղում եմ, որովհետև սիրում եմ դա և ունեմ իմ կյանքի մտերիմ մարդկանց աջակցությունը: Առայժմ դա այդպես է, հուսով եմ, որ հինգ տարի անց էլ չի փոխվի»,-Անաստասիա Ռոմանովայի միջնորդությամբ Ջոկովիչին է ցիտում «Չեմպիոնատը»:


Ավելորդ չհամարենք նկատել, որ եզրափակչից առաջ տված հարցազրույցում Ջոկովիչն ասել էր, որ ինքը ձգտում է ռեկորդային ցուցանիշների: Այս առումով հետաքրքիր կլինի իմանալ, թե դրանք թվային ինչ արտահայտություն ունեն: Եվ այսպես՝ Ջոկովիչը ներկայումս 32 տարեկան է, ուժերի ծաղկման շրջանում, առջևում բավական արդյունավետ գործելու ժամանակահատված ունի: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, հաշված ուիմբլդոնյան այս վերջին հաղթանակը, Ջոկովիչը տիրացել է 16 տիտղոսի: Ռաֆայել Նադալի անվան դիմաց շողշողում է 18 թիվը, Ֆեդերերն ունի 20 հաղթանակ:


Եթե Ջոկովիչը մի «Ռոլան Գարոսում» էլ հաղթի, պատմության մեջ կլինի առաջին տղամարդ թենիսիստը, որը բոլոր մեծ «Մեծ սաղավարտները» շահած կլինի երկուական անգամ: Նկատենք, որ Նադալը կարող է դա ավելի վաղ անել, եթե հաղթի Ավստրալիայի 2020 թվի բաց առաջնությունում: Մի բան ակնհայտ է, որ փարիզյան հաղթանակների կտրվածքով Նովակն այդպես էլ չի կարողանա հասնել Նադալին, ումից այս մրցաշարում շահած մրցանակների թվով հետ է մնում ուղիղ 11-ով: Ասենք, դա թերևս մեկ այլ թենիսիստի էլ դժվար թե վիճակվի, քանզի իսպանացին այստեղ նվաճման է հասել 12 անգամ ու «Ռոլան Գարոսի» անթագակիր արքան է: Միանգամայն այլ հեռանկարներ են ՈՒիմբլդոնի մրցաշարերում: Այստեղ նա հաղթանակ է տոնել հինգ անգամ: Նրանից առաջ են Սամփրասն ու Ֆեդերերը, որոնք ունեն 5 և 8 հաղթանակ: Ամերիկացու կտրվածքով ամեն ինչ պարզ է,նա վաղուց է հրաժեշտ տվել մեծ սպորտին, միակ իրական մրցակիցն այստեղ շվեյցարացին է, որն էլ նրան ոգևորում է իր հաղթանակներով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ